ԹԵԺ ԳԻԾ 116, +374 96 116-100 (ՇՈՒՐՋՕՐՅԱ)
Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ ամրագրվեց պետության պարտականությունն՝ ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան (Հոդված 4):
Նշված սահմանադրաիրավական նորմի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական առաջին մարմնի ստեղծման փորձը կատարվեց դեռեւս 1990-ական թվականների վերջին։ Մասնավորապես, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու, այդ նպատակով հուսալի երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունից՝ 1998 թվականի ապրիլի 27-ի՝ ՀՀ Նախագահի ՆՀ-32 հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը։ Հրամանագրով սահմանվեցին Հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը, ամրագրվեցին Հանձնաժողովի հիմնական նպատակներն ու խնդիրները։
Հանձնաժողովի գործունեությունը հիմք դարձավ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես անկախ պաշտոնատար անձի և նրա աշխատակազմի կազմավորման համար։
2003 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը։
«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը սահմանեց, որ Պաշտպանն անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, ով իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով: Օրենքով սահմանվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններն ու լիազորությունները:
Ինստիտուտի հիմնադրումը նշանակալից քայլ էր, որն ուղղված էր երկրում մարդու իրավունքների և ազատությունների կանոնակարգված պաշտպանության ապահովմանը:
2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում սահմանվեցին մի շարք իրավանորմեր, որոնք ամրագրեցին Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի դերն ու կարևորությունը։
Մասնավորապես, Սահմանադրության 18-րդ հոդվածն ազդարարեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:
Սահմանադրությամբ ամրագրվեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության և անձեռնմխելիության երաշխիքները, սահմանվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների Պաշտպանի հետ համագործակցելու պարտականությունը։ Մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական մակարդակով դարձավ անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ։
Առաջին անգամ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենք է։
Սահմանադրության 191-րդ հոդվածով ամրագրվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
2006 թվականից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի գնահատմամբ ունի վստահելիության և անկախության A դասի կարգավիճակ:
2024 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը կրկին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:
Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն, գործում են Փարիզյան և միջազգային սկզբունքներին համապատասխան:

