Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված երկու կլոր սեղան քննարկումների։
Պաշտպանը բացման խոսքով հանդես է եկել Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» և Դիգնիթի ՀԿ-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության սրտում» խորագրերով քննարկումներին։
Իր ելույթներում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը չի կարող լիարժեք գործել հանդուրժողականության և համերաշխության բացակայության պայմաններում, իսկ ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից կամ ենթարկվել խտրական վերաբերմունքի։
Պաշտպանն առաջին հերթին կարևորել է հակախտրականության ոլորտի առնչությամբ առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումն ու խտրական և ատելության խոսույթի բացառումը մեր հասարակական միջավայրից՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2023 թվականից սկսած թե´ հաստատության գործունեության, թե´ տարեկան հաղորդումների շրջանակում լրիվ նոր և համապարփակ մոտեցում է որդեգրել նշված ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման համակարգի առնչությամբ:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հասարակությունում առկա կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման համար անհրաժեշտ են կրթական և համակարգային բարեփոխումներ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների, այդ թվում` իրավապահ, առողջապահական և կրթական համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստումներ և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ` մարդու իրավունքների զգայուն հարցերի պատշաճ հասցեավորման նպատակով։
Անդրադառնալով ատելության և խտրական խոսքի խնդրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության մշտադիտարկումների արդյունքում շարունակաբար արձանագրվում են խտրական խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներ, ինչպես նաև իրավահավասարության ոլորտին առնչվող թեմաների օգտագործմամբ ապատեղեկատվական արշավներ, այդ թվում` ընտրական գործընթացների ընթացքում, որոնք պահանջում են հետևողական և արդյունավետ հակազդում։
Պաշտպանը շեշտել է նաև իրավահավասարության և հակախտրականության վերաբերյալ համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների և դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զգայուն խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից։
Քննարկումների ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառումների կազմակերպիչներին՝ Փինք և Դիգնիթի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտում ներգրավված բոլոր գործընկերներին՝ շարունակական համագործակցության համար։
Միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը, Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։