Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ՁՊՎ՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Արտուր Օսիպյանը նախորդ օրը ձերբակալվել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։
Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, հընթացս ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։
Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Ավելին, իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքում` Մարդու իրավունքների պաշտպանը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԻՊ մանդատի շրջանակում շարունակում է իրականացնել ընտրական գործընթացներում մարդու իրավունքների հարցերին առնչվող մշտադիտարկում, իրականացվում են ՄԻՊ մանդատին վերաբերելի գործառույթները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։