Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ աշխատակազմը մասնակցել է տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող վերապատրաստման դասընթացի
Մայիսի 14-15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ծաղկաձորում մասնակցել է «Տարեցների իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում՝ Եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն» խորագրով կլոր սեղան-վերապատրաստման դասընթացին։
Միջոցառումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի համակարգող Տանյա Մոնտանարին։
Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը տարեցների իրավունքների վերաբերյալ՝ Եվրոպական սոցիալական խարտիայի 23-րդ հոդվածի շրջանակում, ինչպես նաև ներկայացնել միջազգային չափորոշիչների բովանդակությունն ու դրանց գործնական նշանակությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հայկական համատեքստում դրանց կիրառման հնարավորություններին։
Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են տարեցների սոցիալական իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչները, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի նախադեպային իրավունքն ու եվրոպական երկրների համեմատական փորձը։
Դասընթացին որպես խոսնակներ մասնակցել են Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ դոկտոր Նիկոլաոս Պապադոպուլոսը և Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի փոխնախագահ Տատյանա Պույուն։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային թեմաների, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանության հասանելիությանը, արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին, հասարակական կյանքին մասնակցությանը, ինչպես նաև տարեց անձանց խտրականությունից պաշտպանությանը։
Միջոցառման շրջանակում անցկացվել են նաև խմբային աշխատանքներ և մասնագիտական քննարկումներ՝ ուղղված Հայաստանում տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, բացերի և հնարավոր լուծումների վերհանմանը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը։
Կլոր սեղան-վերապատրաստմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։